Ընտրատեղամասերում տեսախցիկները մեծ նշանակություն ունեին, դրանք թույլ էին տալիս ապագայում ձևավորել ապացուցողական բազա. Կոստանյան
Նախորդ խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեսախցիկները, որոնք տեղադրվում են ընտրատեղամասերում, մեծ նշանակություն ունեին, քանի որ դրանք թույլ էին տալիս ապագայում ձեւավորել ապացուցողական բազա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին՝ ԸՕ փոփոխությունների մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը փաստացի առաջարկում էր հրաժարվել տեսախցիկների կիրառումից ընտրատեղամասերում. «Բայց չէ՞ որ տեսանկարահանումը եւ տեսանյութերը թույլ էին տալիս պայքարել քվեատուփերի լցոնումների դեմ։ Մյուս կողմից՝ 50 մետր շառավղով նկարահանումը թույլ էր տալիս որոշել ընտրողների իրական թիվը»,–պարզաբանեց Կոստանյանը։ Սա, նրա կարծիքով, իրական հնարավորություն կստեղծի համապատասխան մոնիտորինգի համար։
Իր հերթին, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը կիսեց Կոստանյանի մտահոգությունը՝ համաձայնելով ընտրությունների ժամանակ տեսախցիկները տեսահսկման համար իրենց տեղում թողելու առաջարկի հետ։ Սակայն թե ինչ միջոցներով կգնվեն նորերը, անհասկանալի մնաց։ Հին տեսախցիկները իշխանությունները փոխանցել են քրեակատարողական համակարգին: