Ես որդուս հրամանատարին չեմ ճանաչում. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետարանում: Նա լսել է համայնքի ղեկավարների կողմից բարձրաձայնված խնդիրները:
Կապան քաղաքի մարզադպրոցի ջեռուցման հետ կապված՝ դպրոցի տնօրենների ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանին խնդրեց լուծում տալ հարցին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մանրամասն հետաքրքրվեց այդ խնդրով և խոստացավ քննարկել լուծման ուղիները:
Համայնքի ղեկավարներից մեկն ասաց Նիկոլ Փաշինյանին, որ գյուղերից մեկին հատկացված գումարը, որով պիտի գյուղն ապահովվի ջրով, չի բավականացնում:
«Նորմալ հաշվարկներ կանենք և խնդիրը կլուծենք»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Անդրադարձ կատարվեց վթարային շենքերը չգազաֆիկացնելու կառավարության որոշմանը.
«Այդտեղ ես ի՞նչ պետք է անեմ, պետք է ֆիքսել խնդիրը և հետազոտել»,- նշեց նա:
Մի անձնավորություն, ներկայանալով որպես Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հրամանատարին մտերիմ մարդ, խնդրեց Փաշինյանին ընթերցել նրա ձեռքով գրված գիրքը:
«Կընթերցեմ, բայց ես որդուս հրամանատարին չեմ ճանաչում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադարձ կատարվեց նաև համայնքների խոշորացման խնդրին, այս առիթով քննարկում եղավ Նիկոլ Փաշինյանի և համայնքի ղեկավարների հետ:
«Մենք պետք է կարողանանք գումարներ գեներացնել, որպեսզի լուծում տանք վերը նշված խնդիրներին»,- ասաց Փաշինյանը: