Տիգրան Խաչատրյանը և Զարմինե Զեյթունցյանը պայմանագիր են ստորագրել Հրազդանում ստեղծված ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը եւ «Էկոս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Զարմինե Զեյթունցյանը հոկտեմբերի 18-ին պայմանագիր են ստորագրել Հրազդանում ստեղծված ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին։ Փաստաթղթով սահմանվում են ԱՏԳ-ի կազմակերպչի գործառույթները, պարտականությունները, ինչպես նաեւ պետության հետ փոխհարաբերությունները:
Հրազդանում տեղակայված ազատ տնտեսական գոտու գործունեությունն ուղղված է երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը։ Հրազդանի ԱՏԳ կազմակերպիչն է ECOS ընկերությունը։ ԱՏԳ-ի հիման վրա ստեղծվում է յուրահատուկ էկոհամակարգ, որտեղ գործելու են մի շարք ենթակառուցվածքային ծառայություններ՝ կրթական-հաղորդակցական նախագծերից, հետազոտական լաբորատորիաներից մինչեւ էլեկտրոնային հարթակներ՝ նոր ձեւավորվող նախագծերում ներդրումներ ներգրավելու նպատակով։
ԱՏԳ շրջանակներում, Հրազդան ՀԷԿ-ի հիման վրա, ստեղծվելու է ECOS արդյունաբերական մայնինգի կենտրոնը, որը դառնալու է ինովացիոն ստարտափների համար նախատեսված տեխնոլոգիական կլաստերի մի մասը, ինչպես նաեւ ԱՏԳ-ի համար ծառայելու է որպես տվյալների պահպանման կենտրոն։
ECOS-ն ինովացիոն էկոհամակարգ է, որի կազմի մեջ են մտնում տվյալների կենտրոններ, արդյունաբերական մայնինգ կոնտրոններ, վենչուրային հիմնադրամ, ինովացիաների մշակման համար ստեղծված հետազոտական լաբորատորիա, կրթական հարթակ, աքսելերացիոն ծրագրեր եւ «Հայկական բլոքչեյն համաժողով» տեղեկատվական-կրթական ֆորումը։
ECOS նախագծի նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում գործող այնպիսի կազմակերպությունների համար, որոնք թողարկում են արտահանմանն ուղղված արտադրանք։
Հիշեցնենք, որ Զարմինե Զեյթունցյանը մինչեւ նոր կառավարության ձեւավորումը զբաղեցնում էր Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը: