Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում կրակոցներ արձակած նորատուսցի Արան ձերբակալվել է. ոստիկանություն
Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում կրակոցներ արձակելու մեջ կասկածվող նորատուսցի Արա Բանդուրյանը ձերբակալված է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Հաղորդագրության մեջ նշված է. «Հոկտեմբերի 13-ին ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 2-ին Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել:
Ոստիկանության ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ Արա Բանդուրյանը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին։
Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի՝ խուլիգանության հատկանիշներով։
Նա ձերբակալված է։
Քրեական գործն ուղարկվել է նախաքննական մարմին՝ հետագա քննության համար»։