Սոֆյա ռոբոտը՝ Շառլ Ազնավուրի մասին (տեսանյութ)
Շառլ Ազնավուրը ֆրանսերենի դեսպանն է Հայաստանում ու ամբողջ աշխարհում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10–ին, Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակում հանդիպման ժամանակ ասել է աշխարհահռչակ Սոֆիա ռոբոտը։
«Հայերենն ու ֆրանսերենը գեղեցիկ լեզուներ են, ֆրանսերենն Ազնավուրի լեզուն է։ Ես գիտեմ, որ Հայաստանը հսկայական սփյուռք ունի Ֆրանսիայում, այս երկու երկրներն ունեն մշակութայինկապեր։ Կարող եմ ասել, որ Շառլ Ազնավուրը ֆրանսերենի դեսպանն է Հայաստանում եւ ամբողջ աշխարհում, եւ նա տարածում էր մարդկային եւ մշակութային արժեքներ ամբողջ աշխարհում։ Հույս ունեմ, որ երբ հաջորդ անգամ տեսնեմ ձեզ, ես ավելի սահուն կխոսեմ. ես դանդաղ եմ սովորում լեզու։ Դա ոչ թե իմ մեջ ծրագրավորված է, այլ ես մարդկանց նման դժվար եմ սովորում օտար լեզուներ»,– ասել է Սոֆիա ռոբոտը։
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում առաջին անգամ Հայաստան այցելած ռոբոտը նշել է, որ ինքը տեղյակ է՝ Հայաստանը հայտնի է իր եկեղեցիներով եւ վանքային համալիրներով. «Հայաստանն այս տարվա սկզբին խաղաղ անցում կատարեց նոր իշխանության, եւ ցույց տվեց, որ երիտասարդները կարող են իրենց ձայնը բարձրացնել՝ ժողովրդավարությունը խթանելու համար։ Ես արդեն զգացել եմ Հայաստանի ջերմությունն ու ընկերական վերաբերմունքը»։