Կուզեի դուք ինքներդ էլ մասնակցեիք Արայիկ Խանդոյանի հոգեհանգստին. Պավլիկ Մանուկյան
Կուզեի դուք ինքներդ էլ մասնակցեիք Արայիկ Խանդոյանի հոգեհանգստին, որպես խղճի դատավոր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10- ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը՝ դիմելով ՊՊԾ գնդի գրավման գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանին։
ՊՊԾ գնդի գրավման գործով պաշտպաններ Մուշեղ Շուշանյանը եւ Ինեսա Պետրոսյանը դատարանին միջնորդեցին՝ կալանքի տակ գտնվող ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանին եւ Արմեն Բիլյանին կարճատեւ մեկնում տրամադրել՝ Արայիկ Խանդոյանի հոգեհանգստին մասնակցելու համար։
Ըստ պաշտպանների՝ սա բացառիկ դեպք է եւ դատարանը պետք է թույլատրի ամբաստանյալներին՝ մասնակցելու իրենց ընկերոջ հոգեհանգստի արարողությանը։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, սակայն առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ կարճաժամկետ մենում տրամադրելու իրավական հիմքերը բացակայում են։
Դատախազը նշեց, որ գործով ամբաստանյալները մեղադրվում են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, բացի այդ նրանք չեն հանդիսանում Խանդոյանի մերձավոր ազգականը։ Հենց այս հիմքով էլ դատարանը մերժեց միջնորդությունը։
«Ոչ ոք չի վիճարկում Արայիկ Խանդոյանի կատարած դերը ՀՀ սահմանների պաշտպանության եւ պետականության մեջ, սակայն այդ հանգամանքն առնչություն չունի իրավունքի եւ օրենքի կիրառման հետ» ,- նկատեց դատավորը։
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց կալանքի տակ գտնվող սմբաստամյալ Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի միջնորդությունն ու մեկ մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց Մանուկյանին։
Նշենք, որ հոկտեմբեր 9–ի լույս 10–ի գիշերը Գյումրիում մահացել է այս գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի էր Միայնակ Գայլ անունով։ Նախնական վարկածով՝ Խանդոյանը մահացել է կաթվածից։ Արայիկ Խանդոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 13- ին։