Այսօր էջմիածնեցուն ոչ ոք չի կարող ասել, որ աչքիդ վերևը հոնք կա. Փաշինյանը՝ էջմիածնում (տեսանյութ)
Այսօր էջմիածնեցուն ոչ ոք չի կարող ասել, որ աչքիդ վերևը հոնք կա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Էջմիածնի տոնին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր էջմիածնեցուն ոչ ոք չի կարող ասել, որ աչքիդ վերևը հոնք կա, որովհետև էջմիածնեցին ազատ է, հաղթական է, հզոր է։ Ես կարծում եմ, ով ով բայց էջմիածնեցիները ամենաշատը գիտեն ազատության գինը, և ես ուզում եմ էջմիածնեցիներից ներողություն խնդրել այն տարիների համար, որ մենք չենք կարողացել ձեզ օգնեինք այնպես, ինչպես պետք է օգնեինք, բայց մենք գիտեինք, որ քայլ առ քայլ գնում ենք դեպի ազատություն և օրինականություն, և ես ուզում եմ ձեզ շնորհավորել ձեր սեփական ձեռքերով ձեր նվաճած ազատության համար։ Եվ ես հուսով եմ, որ դուք տեր կկանգնեք ձեր իրավունքներին և թույլ չեք տա ոչ միայն Էջմիածնում այլև Հայաստանի Հանրապետությունում ի հայտ գան բդեշխներ, ովքեր պետք է որոշեն, թե դուք ինչպես պետք է ապրեք, որտեղով պետք է քայլեք, ում պետք է ընտրեք։ Սրանից հետո դա դուք եւ միայն դուք եք որոշում։ Որեւէ մեկը չի կարող ոտնձգություն անել ձեր իրավունքների, ձեր արժանապատվության, ձեր հպարտության նկատմամբ»,-ասաց վարչապետը։
Նշենք, որ մինչեւ Էջմիածին գալը, Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում տեղի ունեցած միջոցառումներին։