Բուենոս Այրեսում մեկնարկում են պատանեկան օլիմպիական խաղերը
Ժամեր անց Արգենտինայի մայրաքաղաք Բունես Այրեսում կմեկնարկեն երրորդ պատանեկան օլիմպիական ամառային խաղերը: Պատանեկան սպորտի համաշխարհային այդ ստուգատեսում առաջին անգամ ասպարեզներում հանդես կգան հավասար քանակի` 1963–ական մարզիկներ և մարզուհիներ: Ընդհանուր հաշվով խաղերում հայտավորված 15-18 տարեկան 206 երկրների 3926 մասնակից՝ 32 մարզաձևերում կվիճարկեն խաղարկվող մեդալները:
Մրցումների ընթացքին կհետևեն նաև տարբեր պետությունների 1950 պաշտոնյաներ: Բուենոս Այրեսի մրցումների ծրագրում ընդգրկված է հինգ նոր մարզաձև. բրեք-դանս, կարատե, ժայռամագլցում, ռոլլեր-սպորտ և ակրոբատիկա: Ցուցադրական ելույթներ կունենան սկվոշ և պոլո մարզաձևերի ներկայացուցիչները:
Խաղերի ընթացքում կանցկացվեն վարպետության դասեր և բաց հանդիպումներ` աշխարհահռչակ չեմպիոնների հետ: Մասնակիցները կքննարկեն բովանդակ թեմաներ, սկսած առողջ ապրելակերպից, վերջացրած մարզական հարուստ կենսագրություն ստեղծելու հարցերից: Պատանի աթլետները իրենց կուռքերի հետ շփվելով կհամոզվեն,որ հաջողության հասնելը հնարավոր է և իրենց ուժերից վեր գործ չէ:
Խաղերի անցկացման գաղափարը պատկանում է ՄՕԿ –ի նախկին նախագահ Ժակ Ռոգեին: Միջոցառումը հաջողված է, կայացած, և միայն տարիքային տարբերությունն է բաժանում ժամանակակից օլիմպիական խաղերից:
Պատանեկան խաղերի թալիսմանը Պանդի անունով կատվազգիների ներկայացուցիչ յագուարն է: Այդ հովազը Արգենտինայի հյուսիսի ծագում ունի: Միջոցառման կարգախոսն է «Գիտակցիր ու զգա ապագան»։