Հայաստանում և Արցախում բարդ վիրահատություններ կատարած ամերիկացի բժիշկների խումբն ամփոփել է աշխատանքի արդյունքները
«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ արդեն 4 տարի է՝ Հայաստան է այցելում ամերիկացի բժիշկների խումբը, որը հիմնականում Տավուշի մարզում, մասնավորապես Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում իրականացնում է բարդ վիրահատություններ, տեղի բժիշկներին ծանոթացնում նորագույն տեխնոլոգիաներին, ինչպես նաև այդ հիվանդանոցներին նվիրում իրենց հետ բերած բժշկական նորագույն սարքավորումները:
Այս տարի Հայաստան այցելած 68 հոգուց բաղկացած բժիշկների խումբը ոչ միայն վիրահատություններ է իրականացրել Տավուշում, այլ նաև այցելել է Արցախ ու մոտ մեկ շաբաթ աշխատել Ստեփանակերտի հիվանդանոցում:
Ի դեպ, խմբում եղել են ոչ միայն ազգությամբ հայ, այլ նաև ամերիկացի ճանաչված վիրաբույժներ, սրտաբաններ, ակնաբույժներ ու բժշկական այլ ուղղություններ ներկայացնող մասնագետներ:
Ծրագրի շրջանակներում կատարվել է ավելի քան 300 վիրահատություն, որոնցից 250-ը՝ Արցախում:
Հիմնականում կատարվել են ուղեղի երակի, սրտի զարկերակի, աչքի, ոսկրահոդային, օնկոլոգիական ու աղիքային բնույթի բարդ վիրահատություններ:
Ամերիկացի բժիշկների խումբը Ստեփանակերտի հիվանդանոցին նվիրել է բժշկական նորագույն սարքավորումներ, այդ թվում՝ աչքի կատարակտի վիրահատության համար նախատեսված գերժամանակակից սարքավորումներ ու վիրահատարաններ:
Ինչպես նշել են ծրագրի պատասխանատուները, ծրագիրն ունի շարունակական բնույթ և հաջորդ տարի ևս նախատեսվում է նման խմբի այցելություն Հայաստան և Արցախ: Բացի այդ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հայ երիտասարդ մասնագետների վերապատրաստումը ամերիկյան հայտնի կլինիկաներում իրականացնելու համար: