Արա Վարդանյանին մեղադրանք չի առաջադրվել. փաստաբան
Փաստաբան Երվանդ Վարոսյանը Facebook -ի իր էջում գրում է, թե իրականությանը չի համապատասխանում լրատվական միջոցներով տարածված տեղեկատվությունը, թե Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին մեղադրանք է առաջադրված քրեական օրենսգրքի 2 հոդվածներով (308-րդ և 178-րդ) ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։
Հիշեցնենք, որ «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասել է, թե ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին:
«Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով ( խարդախություն): Նա ունի մեղադրյալի կարգավիճակ: Գործը գտնվում է նախաքննության փուլում»,- ասել է Խաչատրյանը:
Խաչատրյանը նաև տեղեկացրել է, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել` ստորագրություն բնակավայրից չհեռանալու մասին: