Նոր մանրամասներ Առինջ գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման մասին. հափշտակվել է խոշոր չափի գումար
Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել սեպտեմբերի 22–ին Առինջ գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման մասին։
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 22-ին ժամը 20։30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին էր դիմել 22-ամյա մի քաղաքացի։ Աղջիկը վախեցած ու շփոթված էր։ Ոստիկաններին հայտնեց, որ ժամեր առաջ Առինջում գտնվող տոնավաճառի հետնամասում դանակի սպառնալիքով իրենից հափշտակել են շուրջ 8500 ամերիկյան դոլար։
Կոտայքի ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ավազակային հարձակումը կատարած անձին արագ հայտնաբերելու ուղղությամբ։ Արդյունքում պարզվեց, որ դանակի սպառնալիքով գումարը տուժածից հափշտակել է աբովյանցի՝ 23-ամյա Ռոմեն Հովհաննիսյանը։ Նա հայտնաբերվեց Ծաղկաձոր քաղաքում և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին։
Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց ծալովի դանակ և հափշտակված գումարի մի մասը։
Քննությունը շարունակվում է։