Հեղափոխությունը ստացավ մանդատ, ավելին՝ հրաման ժողովրդից՝ ցրելու Ազգային ժողովը. Զուրաբյան
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարություն է տարածել, որտեղ շնորհավորել է Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի տարած հաղթանակի առնչությամբ:
«Սա իրականում հանրաքվե էր Հայաստանում ժողովրդավարական հեղափոխության շարունակման հարցով։ Ժողովրդի պատգամը անվիճելի է. շարունակել ժողովրդավարական հեղափոխությունը և կազմաքանդել գողապետության մնացորդները (բոլոր խոսակցությունները ցածր մասնակցության մասին էժան և դատարկ քարոզչություն են. ընտրողների ցուցակները առնվազն 25֊30 տոկոսով ուռճացված են, և մասնակցության իրական տոկոսը 60-ից բարձր է)։
Հեղափոխությունն ստացավ մանդատ, ավելին՝ հրաման ժողովրդից՝ ցրելու Ազգային ժողովը և վերջապես ձևավավորել Հայաստանում ընտրված իշխանություն։ Այսօրվանից բոլորիս գործն է կատարել այդ հրամանը։ Առանց այդ էլ այդ գործն ուշացրել ենք, որևէ նոր ուշացում պատմությունը մեզ չի ների»,- ասված է հայտարարության մեջ:։