Նորք Մարաշում արձանագրվել է բաց քվեարկության մոտ 20 դեպք. Ժամը 12:30-ի դրությամբ գրանցվել է 82 խախտում, 8 միջադեպ
Ժամը 11:30-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 82 խախտում, 8 միջադեպ:
Նորք Մարաշի 9/6 տեղամասում արձանագրվել է բաց քվեարկության մոտ 20 դեպք: Հաղորդվել է, որ ընտրողները դուրս են գալիս քվեախցիկներից և բոլորի ներկայությամբ քվեաթերթիկները դնում ծրարի մեջ:
Միաժամանակ, տեղամասում պարբերաբար կուտակումներ են ձևավորվում խմբերով գալու արդյունքում: Դիտորդը փորձել է լուսանկարել գրանցամատյանը, որտեղ արձանագրվել են վերոնշյալ խախտումները, սակայն հանձնաժողովի քարտուղարը դիտորդին արգելել է լուսանկարել գրանցամատյանը:
Ամենից շատ խախտումներով տեղամասերն են Նոր Նորք վարչական շրջանի 2/16 տեղամասը, Նորք Մարաշ վարչական շրջանի 9/6 տեղամասը, Շենգավիթ վարչական շրջանի 8/9 տեղամասը: Առաջին երկու ընտրատեղամասերում գրանցվել է չորսական խախտում, երրորդ ընտրատեղամասում՝ 3 խախտում:
Հիմնականում խախտումները վերաբերում են տեղամասի անմատչելիությանը, քվեարկության սենյակի կահավորմանը, վիճակահանության կարգի խախտմանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ընթանում են Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, որոնք կտևեն մինչև երեկոյան 20.00-ն: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:
Նշենք, որ Երևանի ավագանու անդամների թիվը 65 է: Քաղաքական ուժերի ցուցակները գլխավորողները համարվում են քաղաքապետի թեկնածուներ: