Այս ընտրությունները տարբերվում են նրանով, որ անցնում են առանց ընտրակաշառքի ու վարչական լծակների կիրառման. Ա. Զեյնալյան
Քվեարկությունը կավարտվի, կտեսնենք արդյունքները և, ըստ այդմ, կկողմնորոշվենք, և կերևա, թե ինչ է տեղի ունենալու. քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, թե «Իմ քայլը» դաշինքի հետ կոալիցիոն գործընկերություն պատկերացնո՞ւմ է, թե՞ ոչ:
Թե ինչպես է գնահատում ընտրակաշառքների մասին հայտարարությունները, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Քվեարկության ավարտին դեռևս ութ ժամ է մնացել, և իմ հնչեցրած տեսակետները կարող են ազդել քվեարկության արդյունքների վրա, ուստի, որևէ հայտարարություն չեմ կատարի»:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի ահազանգերին, ասաց որ չի լսել, տեղյակ չէ: «Միայն ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հայտարարության մի հատվածն եմ ընթերցել, վերնագրի մասով, և ըստ այդ հայտարարության՝ որևէ հակաօրինական բան չկա, ամբողջը չեմ հետևել»,-ասաց նա:
Իսկ այն, որ ոստիկանապետի հրաժարական են պահանջում, եթե հիմնավոր ապացույցներ չներկայացնեն, նաև զրպարտության հայց կներկայացնեն, Արտակ Զեյնալյանը նշեց. «Եթե այն ամենը, ինչ ներկայացվում է… այս հարաբերությունները ոչ թե զրպարտության, պատվի և արժանապատվության պաշտպանության հարաբերություններ են, այլ հարաբերություններ են, որոնք ՀՀ իրավունքի պաշտպանության օրենսդրության մեջ կան»,-ասաց նա:
Զեյնալյանը նաև նշեց, որ այս ընտրությունները նախորդից տարբերվում են նրանով, որ անցնում են առանց ընտրակաշառքի, վարչական լծակների ու վարչական ռեսուրսների կիրառման: Հարցին, թե շարունակում է պնդել, որ, անկասկած, ընտրվելու է քաղաքապետ, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Այո, շարունակում եմ պնդել»: