Արմեն Սարգսյանը մասնակցել է Մտքերի գագաթնաժողովին
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է Շամոն քաղաքում անցկացվող ամենամյա Մտքերի գագաթնաժողովին (Summit of Minds)։
28 երկրի 300 ներկայացուցիչ բազմակողմ քննարկում են ծավալել ժամանակակից աշխարհում ներդրումային ու ռազմավարական որոշումներ կայացնելու հնարավորությունների ընդլայնման և դրանց մեջ մարդու դերակատարման շուրջ։
Նրանք անդրադարձել են համաշխարհային տնտեսական մակրո միտումներին, դրանց ազդեցությանը ներդրումների ու տնտեսական ռազմավարության վրա, ինչպես նաև խոսել են այսօրվա և վաղվա աշխարհի արագությանը եւ անկայունությանը հարմարվելու, դրանցից օգտվելու հնարավորությունների մասին:
Գագաթնաժողովի շրջանակում ելույթ ունենալով որպես գլխավոր բանախոս՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր տեսակետն ու մոտեցումներն է ներկայացրել քննարկվող թեմաների և ժամանակակից աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ու մարտահրավերների վերաբերյալ։