Քաղաքացին ահազանգել է, թե որոշ անձինք են մտնում շտաբ և նրանց գումար է տրվում. Ահարոնյանը՝ ԲՀԿ գրասենյակում խուզարկության մասին
Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչ ահազանգի հետքերով է այսօր ոստիկանությունը գործողություններ իրականացնում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում:
«Սոցիալական կայքում եղել է հրապարակում, ինչպես նաև՝ հեռախոսազանգի տեսքով ահազանգ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: Ոստիկանությունն էլ գործողություններ է իրականացնում»,- տեղեկացրեց Աշոտ Ահարոնյանը:
Ինչ վերաբերում է նշյալ հեռախոսազանգի բովանդակությանը, Աշոտ Ահարոնյանի խոսքով՝ քաղաքացին ասել է, թե որոշ անձինք են մտնում շտաբ, և նրանց գումար է տրվում: Հետաքրքրվեցինք, թե արդյոք խուզարկության արդյունքում գրասենյակից իրեր են առգրավվել: «Խուզարկությունների արդյունքները հրապարակվում են ըստ անհրաժեշտության»,- նշել է Աշոտ Ահարոնյանը: