Արմեն Սարգսյանը՝ որպես գլխավոր բանախոս կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք Summit of Minds գագաթնաժողովին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին, որտեղ նա կլինի գլխավոր բանախոսը: Գագաթնաժողովին նախագահ Սարգսյանի մասնակցության պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս ամիսներ առաջ:
Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Շամոնի գագաթնաժողովը նախորդում է շվեյցարական Դավոսում տեղի ունեցող ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովին և հայտնի է «փոքր Դավոս» անվամբ:
Այս տարի գագաթնաժողովի քննարկումների հիմնական թեմաները կլինեն համաշխարհային տնտեսական մակրո միտումները և դրանց ազդեցությունը ներդրումների ու տնտեսական ռազմավարության վրա, ինչպես նաև այսօրվա և վաղվա աշխարհի արագությանն ու անկայունությանը հարմարվելու և դրանցից օգտվելու հնարավորությունները:
Գագաթնաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա մասնակից մի շարք համաշխարհային խոշորագույն ընկերությունների /Google, Nasdaq, Gallup, McKinsey, Nestlé, Groupe Accor, Publicis, և այլն/ ղեկավարների հետ՝ քննարկելու հայաստանյան բիզնես միջավայրը և ներդրումների ներգրավման հնարավորությունները։