Սոցիալական ցանցում արված գրառման հիման վրա ԲՀԿ շտաբից 3 քաղաքացի հրավիրվել է ոստիկանություն
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանն ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է Աջափնյակում տեղակայված ԲՀԿ շտաբից մի քանի քաղաքացու ոստիկանություն հրավիրելուն և հայտնել, որ ոստիկանությունը պետք է քրեական գործ հարուցի սուտ մատնության հոդվածով,որովհետև քաղաքացիներին անհիմն են հրավիրել ոստիկանություն։
Tert.am-ը ոստիկանությունից հետաքրքրվեց, թե ինչ հիմքով են Աջափնյակից՝ ԲՀԿ շտաբից, քաղաքացիներ հրավիրվել, ինչին ի պատասխան ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց. «Նախ սոցիալական ցանցերում է հրապարակում եղել, և բացի այդ ահազանգ է եղել, և դրանց հիման վրա քաղաքացիները հրավիրվել են ոստիկանություն։ Կատարվում են համապատասխան ստուգումներ և դատավարական գործողություններ»։