Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալան Բերսեն:
Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի լրատվության ծառայությունից, ուղերձում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի, ինչպես նաև Անկախության օրվա կապակցությամբ Դաշնային խորհրդի և անձամբ իմ անունից սիրով Ձերդ Գերազանցությանը և հայ ժողովրդին եմ ուղղում իմ ջերմ շնորհավորանքները: Թույլ տվեք ձեր երկրին հղել երջանկության և բարգավաճման իմ ամենաանկեղծ մաղթանքները, ինչպես նաև Ձեզ ցանկալ առողջություն և հաջողություն:
Ուզում եմ վերահաստատել այն կարևորությունը, որ իմ երկիրը հատկացնում է Հայաստանի Հանրապետության հետ վստահության և բարեկամության կապերի զարգացմանը: Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում նաև Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին հրավերի համար, որին ես պատիվ կհամարեմ հաճույքով մասնակցել:
Շվեյցարիան մեծ կարևորություն է տալիս Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, որի անդամները հանձնառություն են ստանձնել առաջ մղելու ժողովրդավարությունը, խաղաղությունը, մարդու իրավունքները և մշակութային ու լեզվական բազմազանությունը: Գագաթնաժողովը թույլ կտա մեր երկրներին ապագայում ավելի սերտացնել իրենց առանձնաշնորհյալ կապերը»:
Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Ջերմորեն շնորհավորելով Հայաստանի նախագահին՝ Ղազախստանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև ձևավորված բարեկամության և փոխըմբռնման ամուր ավանդույթներն ապագայում ևս կշարունակեն վստահելի հիմք ծառայել արդյունավետ համագործակցության ընդլայնման համար՝ ի բարօրություն Ղազախստանի ու Հայաստանի ժողովուրդների»,-ասված է ուղերձի մեջ:
Արմեն Սարգսյանին շնորհավորական հեռագիր է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ Սրբավայրերի պահապան Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդը: Շնորհավորական հեռագրում մասնավորապես ասված է.
«Ձեր երկրի Անկախության տոնի կապակցությամբ հղում ենք մեր անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ ցանկանալով քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին և կառավարությանը՝ էլ ավելի առաջընթաց ու բարգավաճում»:
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդը: Շնորհավորական հեռագրում, մասնավորապես, ասվում է.
«Ձեր երկրի Անկախության տոնի կապակցությամբ սիրով հղում եմ մեր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ ցանկանալով քաջառողջություն և երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ առավել առաջընթաց ու բարգավաճում»: