Սա առաջին ընտրությունն է, երբ մեր քվեն ոչ ոք չի գողանալու, չի կեղծելու, չի փոխելու. Հայկ Մարության
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը սեպտեմբերի 23-ը պատմական օր է համարում: Այս մասին սեպտեմբերի 19-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած նախընտրական հավաքի ժամանակ հայտարարեց քաղաքապետի թեկնածուն:
«Այս կիրակին իրոք պատմական օր է լինելու: 23 տարի անց մենք ունենալու ենք ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Սա առաջին ընտրությունն է, երբ մեր քվեն ոչ ոք չի գողանալու, չի կեղծելու, չի փոխելու: Այն հասնելու է ուղիղ իր նշանակետին»,- ասաց Մարությանը:
Քաղաքապետի թեկնածուն հանրահավաքի մասնակիցներին ներկայացրեց դաշինքի նախընտրական ծրագրի կարևոր 9 դրույթները: Մարությանի խոսքով` ընտրություններում հաջողության հասնելու դեպքում իրենք պատրաստվում են քաղաքացիների համար հարմարավետ դարձնել երթուղային տրանսպորտը:
«Բոլոր ավտոբուսները ունենալու են հովացման համակարգ: Գրեթե բոլոր ավտոբուսները հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ունենալու են անվասայլակով մուտք գործելու համակարգ, որից կարող են օգտվել նաև մայրիկներն ու տարեցները»,- նշեց Հայկ Մարությանը:
«Իմ քայլը» դաշինքն իր նախընտրական ծրագրում նաև էկոլոգիապես մաքուր տրանսպորտի մասին կետեր է ներառել:
«Մետրոն աշխարհում ամենաէկոլոգիապես մաքուր տրանսպորտն է: Մենք ուզում ենք առնվազն մեկ մետրոյի կայարան կառուցել «Թումո»-ի մոտ: Ուսումնասիրելու ենք նաև Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի շրջակայքը, որպեսզի այնտեղ կառուցեն բիզնես ու ուսումնական կենտրոններ, բազմաբնակարան շենքեր»,- նշեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն: