Կոստանյանը կասկածում է Քոչարյանի գործով դատախազական պատշաճ հսկողությանը
ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցների գաղտնալսումների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովում քննարկելու են նաեւ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված դատախազական հսկողության հարցը։ Այս մասին այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 19–ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։
«ՀՀ Սահմանադրությամբ նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է դատախազության կողմից, այսինքն՝ դատախազությունն այն սահմանադրական մարմինն է, որի հիմնական առաքելությունը հետաքննության եւ նախաքննության օրինականության երաշխավորումն է։ Մենք նաեւ պետք է քննարկման առարկա դարձնենք՝ արդյոք տվյալ գործի շրջանակներում իրականացվում է օրինականության կատարման նկատմամբ պատշաճ հսկողություն»,– ասաց նա։
Ըստ Կոստանյանի՝ ցանկացած քրեական գործով՝ անգամ ապացույցների բացարձակ առկայության եւ գործի բացարձակ հիմնավորվածության պայմաններում, եթե առկա է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, անօրինական միջամտելու դրսեւորում՝ այն ամբողջ արդարադատությունը դարձնում է ոչ օբյեկտիվ։
«Մենք քննարկման առարկա ենք դարձնելու, տվյալ քրեական գործով օրինականության հաստատման ուղղությամբ դատախազական հսկողություն եղել է, թե՝ ոչ, կամ այդ հսկողությունը պատշաճ է եղել , թե՝ ոչ»,– նշեց նա՝ հավելելով, որ
այդ հանգամանքը պետք է ցանկացածին մտահոգի։