2,6 միլիոն եվրոյանոց բնակարան Էյֆելյանի մոտ․ Գագիկ Խաչատրյանի որդիները Փարիզում
Հայաստանի ֆինանսների նախկին նախարար և Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքը 2011-ից գրանցել է անշարժ գույքի բիզնեսով զբաղվող ընկերություն, որի միջոցով նույն տարում Փարիզի ամենաթանկ համարվող թաղամասերից մեկում` Յոթերորդ թաղամասում, բնակարան է ձեռք բերել։ Բնակարանը նշվել է որպես ընկերության կապիտալ։
Գագիկ Խաչատրյանի ընտանիքի անդամները 2011-ի մարտին Փարիզում հիմնել ու ներկայում էլ տնօրինում են Nakrinamang ընկերությունը։ Ընկերության գործունեության մասին տվյալները սակավ են, իսկ շահույթ, ըստ ֆրանսիական ընկերությունների ռեգիստրի, Nakrinamang-ը չի ստացել, կարելի է ենթադրել, որ ընկերությունը հատուկ ստեղծվել է անշարժ գույքը ձեռք բերելու համար։
Էյֆելյան աշտարակի հարևանությամբ գտնվող Յոթերորդ թաղամասը համարվում է Փարիզի ամենաշքեղ թաղամասերից մեկը, որը նաև զբոսաշրջային կենտրոն է։ Այն հիմնվել է 17-րդ դարում ու գտնվում է Սենա գետի ձախ ափին։
Այստեղ կան կառավարական շենքեր (Ֆրանսիայի Սենատը, արտաքին գործերի նախարարությունը և այլն), դեսպանատներ, նաև հանրահայտ Հաշմանդամների տունը (Hôtel des Invalides), որտեղ գտնվում են ֆրանսիացի ճանաչված ռազմական գործիչների դամբարանները, այդ թվում Նապոլեոն Բոնապարտինը։
Nakrinamang ընկերությունը սկզբնապես ստեղծվել է 2000 եվրո կապիտալով։ Դրանից 1000 եվրոն ներդրել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, մյուս 1000-ը՝ նրա կինը՝ Քրիստինա Սաֆարյանը։ Ընկերության կապիտալը մեկ տարվա ընթացքում 2000 եվրոյից հասել է 2,622․000 եվրոյի։ Սա եղել է այն բանից հետո, երբ Nakrinamang ընկերությունը Փարիզի Յոթերորդ թաղամասի 6-րդ փողոցում բնակարան է ձեռք բերել։ Այն արժեցել է 2,620.000 եվրո (2011-ի դրամի փոխարժեքով արտահայտված՝ 1,286 միլիարդ դրամ)։ Բնակարանի հետ ձեռք են բերվել նաև կցակառույցներ։
Բացի այս՝ բնակարանի մոտակայքում Արտյոմ Խաչատրյանն ու նրա կինը ձեռք են բերել ավտոկայանատեղի՝ 9 Passage Landrieu հասցեում։ Գործարքը տեղի է ունեցել 2011-ի սեպտեմբերի 9-ին։ Սա Խաչատրյանների հիմնած ընկերության միակ գույքն է։ Նույն օրը ընկերությունում բաժնեմասեր են ձեռք բերել նաև Գագիկ Խաչատրյանի մյուս որդին՝ Գուրգեն Խաչատրյանն ու նրա կինը՝ Քրիստինա Հունանյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: