Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայի և Իրանի տարածքով դեպի Հայաստան
Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Լևոն Արոնյանի կինը՝ ֆիլիպինուհի Արիանա Կաոիլին, 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայի և Իրանի տարածքով դեպի Հայաստան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արիանան:
Ինչպես նա հայտնել է, հեծանվարշավը մեկնարկելու է Հայաստանի Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, Այաս նավահանգստից, որտեղից Մարկո Պոլոն սկսել էր իր ճանապարհորդությունը դեպի արևելք: Ակցիայի նպատակն է միջոցներ հավաքագրել հայկական գյուղերում բնակվող երեխաներին օգնելու համար:
Բարեգործական մարաթոնից ստացված հասույթը կփոխանցվի «Հայաստանի երեխաներ» հիմնադրամին: Արիանան կոչ է արել նվիրատվություն անել հիմնադրամին՝ Հայաստանի գյուղական համայնքներում երեխաների կրթության որակի բարձրացման նպատակով: Նրա ուղևորությանը հնարավոր կլինի հետևել հեռուստատեսությամբ. Արիանան կայցելի տարբեր պատմամշակութային կոթողներ: