Վրաստանում ՀՀ քաղաքացին ձերբակալվել է ոստիկանին կաշառք առաջարկելիս
Վրաստանում հայը բռնվել է ոստիկանին կաշառք առաջարկելիս։ «Գրուզիա-օնլայն»-ը հայտնում է, որ ՆԳՆ պարեկային ծառայողները ոստիկանության աշխատակցին կաշառք առաջարկելու համար կալանավորել են 1955թ․ ծնված մի տղամարդու։
Տղամարդը, ով, պարզվել է, Հայաստանի քաղաքացի է, ճանապարհային երթևեկությունը խախտելու համար կանգնեցվել է Նադիբաանի գյուղի մոտակայքում։
«Մինչ պարեկային ծառայության աշխատակիցները կբացատրեին, թե ինչ խախտում է նա կատարել, տղամարդը նրանց 10 լարի է առաջարկել՝ որպես կաշառք»,- ասվում է դատախազության մեղադրականի մեջ։
Ձևակերպվել է դատախազի և ՀՀ քաղաքացու միջև ընթացակարգային համաձայնագիր, ըստ որի՝ վերջինիս պարտավորեցրել են 3000 լարի տուգանք մուծել, իսկ 10 լարի կաշառքն առգրավվել է։ Տղամարդուն բաց են թողել։