Ախորժակը ծագում է ուտելիս, իսկ գաղափարները` խոսելիս. գերմանահայ PR մասնագետ Վազրիկ Բազիլը Երևանում է
Գերմանացի հայտնի ճառագիր, հանրային կապերի և հաղորդակցության մասնագետ, Գերմանիայի Սաքսոնիա նահանգի ներքին գործերի Ռազմավարական PR-ի պատասխանատու Վազրիկ Բազիլն այսօր հյուրընկավել էր Երևանի պետական համալսարանում:
Բազմաթիվ ճանաչված քաղաքական գործիչների համար թիրախավորված ճառեր գրած ծագումով հայ մասնագետը հայերենով դասախոսություն ընթերցեց ճառագրության մասին:
Նա ներկայացրեց ճառագրության հիմնական սկզբունքներից մեկը.
«Ախորժակը ծագում է ուտելիս, իսկ գաղափարները` խոսելիս: Շատ կարևոր է սկսել առաջին տպավորությունից, գրագետ անուններից: Զարմանում եմ, եթե կարող ենք ասել Արցախ, ապա ինչո՞ւ ենք ասում Ղարաբաղ, չէ՞ որ, եթե մենք չպահպանենք մեր ազգային անուններն ու արժեքները, մեր փոխարեն դա ոչ ոք չի անելու»,- նշեց նա:
Դասախոսության ընթացքում խոսվեց նաև հանրության հետ կապերի կարևորության մասին: Եվրոպայի խոշորագույն ընկերություններին և կորպորացիաներին PR խորհրդատվություն մատուցած Վազրիկ Բազիլը լսարանին ներկայացրեց հռետորության արվեստի՝ շարժուձևի, ձայնի և խոսքի հետ կապված բազմաթիվ տեխնիկաներ:
Վազրիկ Բազիլը խոստացավ հաջորդ տարի կրկին այցելել Հայաստան և իր փորձով կիսվել հայաստանյան մասնագետների հետ: