ՀՀ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի օրակարգին և ԱՀԿ նպատակներին. Արսեն Թորոսյան
Հայաստանի կառավարությունը հավատարիմ է ՄԱԿ-ի մինչև 2030 թվականը նախանշված օրակարգին և 2015-ի սեպտեմբերին ամրագրված կայուն զարգացման նպատակներին: Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին:
Թորոսյանը փոխանցել է, որ 2016-ին ՀՀ կառավարությունը սկիզբ է դրել այդ օրակարգի ազգայնացման գործընթացին` դրանով սահմանված նպատակներն ազգային ռազմավարության շրջանակներում ներառելու և ստեղծելու առաջընթացի գնահատման և հաշվետվության համակարգ: 2017թ. վերանայվել է Հայաստանի զարգացման ազգային ռազմավարությունը` նախատեսված իրականացնելու մինչև 2030 թվականը:
Արսեն Թորոսյանը խոսել է վերջին տասնամյակում առողջապահական համակարգում Հայաստանի ունեցած հաջողություններից, մարտահրավերներից ու անհրաժեշտ քայլերից, ընդգծել դրանց ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման կարևորությունը: