ՀՀ նախագահն այցելել է Հայաստանի ազգային արխիվ (տեսանյութ)
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի ազգային արխիվ, ծանոթացել գործունեությանն ու իրականացվող ծրագրերին: Նկատենք, որ նորանկախ Հայաստանում նախագահներից ոչ մեկը Ազգային արխիվ չէր այցելել:
Տնօրեն Ամատունի Վիրաբյանի ուղեկցությամբ Արմեն Սարգսյանը եղել է փաստաթղթերի ստեղծման և արխիվային փաստաթղթերի թվայնացման բաժիններում, ծանոթացել թվայնացման գործընթացին: Արխիվային փաստաթղթերի թվայնացման աշխատանքները սկսվել են 2004 թվականից, ու ամեն տարի 250000 էջ փաստաթուղթ է թվայնացվում: Առաջին հերթին թվայնացվում են հազվագյուտ և եզակի փաստաթղթերը: Համալրվում է նաև էլեկտրոնային շտեմարանը. ներկայում Հայաստանի ազգային արխիվի սերվերում պահվում է 1 միլիոն 300 հազար թերթ թվայնացված փաստաթուղթ:
Նախագահը շրջել է նաև ընթերցասրահով, զրուցել գիտական հետազոտություններ կատարող ընթերցողների հետ, եղել է նոր պահոցում, որտեղ պահվում են պետական կառույցների կողմից արխիվին հանձնված փաստաթղթերը:
Այցելության ընթացքում ազգային արխիվի ցուցասրահում նախագահը ծանոթացել է արխիվում պահվող հազվագյուտ փաստաթղթերին: