Լատվիայում 5000 մարդ է փողոց դուրս եկել՝ հանուն ռուսական դպրոցների պաշտպանության
Ռիգայի կենտրոնում բողոքի ակցիա է տեղի ունեցել ռուսական դպրոցներում լատիշերենով դասավանդման անցնելու դեմ:
Ինչպես փոխանցում է DW.com-ը՝ վկայակոչելով Լատվիայի պետական ոստիկանությանը, փողոց է դուրս եկել հինգ հազար ցուցարար: Միջոցառումն անցկացվել է «Մեր ընտրությունը» կարգախոսի ներքո: Այն կազմակերպվել է Լատվիայի «Ռուսական միություն» ձախակենտրոն կուսակցության կողմից, որը ներկայացնում է երկրի ռուսախոս բնակիչների շահերը:
Երթը գլխավորել են կուսակցության համանախագահ Տատյանա Ժդանոկը, ինչպես նաև լատվիացի լրագրող և Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրեյ Մամիկինը:
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ օդապարիկներ և «Լատվիան իմ երկիրն է, ռուսերենը՝ իմ լեզուն», «Ռուսական դպրոցներ՝ խաղաղություն Լատվիայում» գրություններով պաստառներ էին բերել:
Ապրիլին Ռիգայում արդեն նմանօրինակ ակցիաներ անցկացվել էին, որոնց շուրջ 1000 մարդ էր մասնակցել: