Լիլին և Հովիկը կշարունակեն ապրել Նիդերլանդներում
«Լիլին և Հովիկը կշարունակեն ապրել Նիդերլանդներում․ Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել հոլանդացի գործընկերոջ հետ»,- այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՄԻՊ մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանը:
ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ Նիդերլանդներից երկու հայ երեխաների Հայաստան արտաքսման թեմայով Արման Թաթոյանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների երեխաների իրավունքների պաշտպան Մարգարիտ Կլավերբոյերի հետ։
Նիդերլանդների օմբուդսմանը տեղեկացրել է, որ կոնկրետ իրավիճակում երեխաների լավագույն շահը հաշվի առնելով արտաքսման որոշումը չեղարկվել է․ Լիլին և Հովիկը կշարունակեն ապրել Նիդերլանդներում։ Արման Թաթոյանին փոխանցվել է նաև, որ այս պահին փորձում են ճշտել որոշման չեղարկման հիմքերը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հեռախոսազրույցի ժամանակ Նիդերլանդների օմբուդսմանը հավաստիացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, որ հայ երեխաների հարցն իր ուշադրության կենտրոնում է և ջանքեր է գործադրում արտաքսումը հետաձգելու համար, որպեսզի կարողանա մանրամասն ուսումնասիրության առարկա դարձնել երեխաներին առնչվող փաստաթղթերը և նրանց իրավունքների ապահովման հարցերը։
SHANTNEWS.am-ը ավելի վաղ գրել էր, որ Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքի դատարանի որոշմամբ՝ երկու հայ երեխաները՝ 11-ամյա Լիլին և 12-ամյա Հովիկը, կարող են արտաքսվել Հայաստան: Երեխաներին և նրանց մորը՝ Արմինե Համբարձումյանին արտաքսելու մասին որոշումը կայացվել էր դեռևս 2017 թվականին:
Երեխաները ծնվել են Ռուսաստանում և շուրջ 9 տարի բնակվել են Նիդեռլանդներում, նրանք երբեք չեն ապրել Հայաստանում ու անգամ չգիտեն հայերեն: Այդուհանդերձ, նրանք չեն ստացել կառավարության կողմից փախստականներին տրվող համաներումը: Մի քանի օր է՝ Ամստերդամում դասընկերները Լիլիի ու Հովիկի նկարներով բողոքի ակցիաներ են անցկացնում:
Արտաքսման նախորդ օրը, սակայն, Լիլին և Հովիկը կրկին թաքնվել էին իշխանություններից՝ արտաքսումից խուսափելու համար: