Եթե ՀՔԾ–ն ապացույցներ ունի, որ զինվորներին դարձրել են վարձկաններ, ինչո՞ւ չկան մեղադրանքներ. Հայկ Ալումյան
Եթե Հատուկ քննչական ծառայությունն ապացույցներ ունի, որ Մարտի 1–ի դեպքերի ժամանակ զինվորներին դարձրել են վարձկաններ, ինչո՞ւ չկան առաջադրված մեղադրանքներ։ Այսօր՝ սեպտեմբերի 14–ին, լրագրողների հետ հանդիպմանը նման հարց բարձրացրեց Մարտի 1–ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի աղմկահարույց հայտարարությանը։
«Իրենք ներկայացնում են մատյաններ, թե տեսեք՝ զինվորները որպես վարձկաններ են օգտագործվել, օլիգարխները գումարներ են բաժանել և կա ենթատեքստ, որ ապօրինի նպատակներով է դա արվել։ Այդ մատյանը ես չեմ տեսել, առաջինը դուք եք տեսել, հետո մենք։ Եթե դա հանցագործություն է և գիտեն՝ ով է արել, ո՞ւր են առաջադրված մեղադրանքնեըը։ Եթե դա հաստատված չէ, ինչո՞ւ են հայտարարություններ անում, դա մանիպուլյացիա է»,– ասաց Հայկ Ալումյանը։
Քոչարյանի պաշտպանի խոսքով, սեպտեմբերի 11–ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը շատ կարճ ժամանակ խոսեցին գաղտնալսված ձայնագրության բովանդակության մասին, ապա հանրության ուշադրությունը շեղելու համար սկսեցին խոսել վարձկանների մասին. «Շատ լավ հասկանում են, որ մարդիկ այս գործին ցավով են վերաբերում, ցանկացած ինֆորմացիայի 10 տարի սպասում են և այսպիսի ինֆորմացիաներ արտահոսք տալով՝ շեղում են մարդկանց։ Նորից եմ ասում՝ եթե ասում են, որ այսինչ բանը բացահայտել են, ներկայացնում են դա որպես կայացած փաստ, ուրեմն պետք է ասեն, թե ում են մեղադրանք առաջադրել»։