ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով. Զախարովա
Ռուսաստանը ելնում է այն բանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով՝ հակամարտության կողմերի պայմանավորվածությունների հիման վրա: Այդ մասին ճեպազրույցի
ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ կարող է Մոսկվան այսօր ասել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ հաշվի առնելով վերջին շաբաթներում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց հնարավոր ազդեցությունը բանակցությունների վրա՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, մասնավորապես, ասել է.
«Մենք, իհարկե, վերլուծում ենք այն ամենը, ինչ ասվում է Ղարաբաղյան հակամարտության թեմայով և հետևում ենք բոլոր այն հայտարարություններին, որոնք արվում են համապատասխան երկրներում: Ուզում եմ հիշեցնել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Մենք ելնում ենք այն բանից, որ
Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով՝ հակամարտության կողմերի պայմանավորվածությունների հիման վրա: Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կշարունակի միջնորդական աջակցություն ցուցաբերել, որն անհրաժեշտ են փոխզիջման հասնելու համար: Առաջընթացի համար համապատասխան մթնոլորտ, անշուշտ, պետք է ստեղծեն կողմերը»,- ասել է նա։