Եթե, օրինակ, «Ֆեյսբուք»-ի որևէ խմբում անկայուն իրավիճակ է, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանում անկայուն է. Նիկոլ Փաշինյան
«Այն պահին, երբ դուք բոցաշունչ ելույթ էիք ունենում, Բաղանիսն ու Վազաշենը գնդակոծվում էր: Ինչ տեղեկություն ունեք, ինչ վնասներ են հասցվել և արդյո՞ք մարդկանց հոգեբանական վիճակն այնտեղ կայուն է: Դուք, որպես վարչապետ, չեք պատրաստվում այցելել սահմանամերձ այդ շրջանները»,- ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Նիկոլ Փաշինյանն իր պատասխանում նախ շեշտեց, որ ՀՀ ԶՈՒ-ն օպերատիվ արձագանքել են Բաղանիս և Վազաշեն գյուղերի վրա տեղի ունեցած կրակոցներին և լռեցրել են կրակակետերը:
«Ես արդեն եղել եմ Բաղանիս համայնքում, եղել եմ սահմանամերձ Տավուշի մարզում: Մասնավորապես, Բաղանիսում հանդիպում եմ ունեցել մարդկանց հետ և, իհարկե, շատ կարևորում եմ սահմանամերձ գյուղերում ստեղծված իրավիճակը»,- ասաց վարչապետը:
Անդրադառնալով անկայունություն ստեղծելու փաստին` վարչապետը Մարգարիտ Եսայանին հարցրեց, թե վերջին անգամ ե՞րբ է եղել Երևանի և Հայաստանի բնակավայրերի փողոցներում:
«Գիտեք, եթե, ասենք, օրինակ, «Ֆեյսբուք»-ի որևէ խմբում անկայուն իրավիճակ է, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանում անկայուն իրավիճակ է: Ես հավաստիացնում եմ, որ ՀՀ-ում լիովին կայուն քաղաքական իրավիճակ է: Քրեածին իրավիճակը լիովին վերահսկվում է ՀՀ իրավապահ մարմինների կողմից»,- շեշտեց վարչապետը: