Եթե մենք զանգովի արդարադատություն իրականացնեինք, դահլիճի կեսը հիմա այստեղ նստած չէին լինի. Ալեն Սիմոնյան
Եթե մենք զանգովի արդարադատություն իրականացնեինք, ԱԺ դահլիճի կեսը հիմա այստեղ նստած չէր լինի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով ՀՀԿ–ի կողմից հնչող մեղադրանքներին՝ պատգամավորը նշեց, որ նրանք դուրս չեն եկել այն Հայաստանից, որն իրենք ստեղծել եւ որում ապրել են. «Ինչպես հայելու մուլտֆիլմում՝ նրանք նայում են հայելու մեջ եւ կարծում են, որ մենք գործում ենք եւ գործելու ենք նման ոճի մեջ։ Եթե մենք զանգովի արդարադատություն իրականացնեինք, դահլիճի կեսը հիմա այստեղ նստած չէին լինի, եւ այն մարդիկ, որոնք այսօր ազատության մեջ են, ազատության մեջ չէին լինի։ Ինչի՞ մեջ են մեզ մեղադրում։ Մեզ մեղադրում են, որ այն մարդկանց, որոնք հանրության կարծիքով հանցագործ են, մենք բաց ենք թողում, հիմա եկեք կողմնորոշվենք՝ ո՞ր մեղադրանքն է ավելի ճիշտ՝ այն, որ մենք մարդկանց ուղղակի բաց ենք թողում, թե՞ որ մենք զանգով ինչ–որ մեկին բանտարկում ենք»,-ասաց «Ելք»-ի պատգամավորը:
Ալեն Սիմոնյանը շեշտեց՝ վարչապետը երբեք իրեն թույլ չի տվել խառնվել դատական իշխանությանը։
Իսկ ԱԱԾ տնօրենի մասով պատգամավորը նկատեց՝ ինքն էլ հաճախ առանձնազրույց է ունեցել Արթուր Վանեցյանի հետ, հարցրել է՝ ի՞նչ է կատարվում, որին ի պատասխան Վանեցյանը նշել է, որ չեն խառնվում։
Երեկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի կողմից քաղաքական տեռորի մեղադրանքների մասին հարցին Ալեն Սիմոնյանը հիշեց. «Պարոն Աշոտյանը պատրաստակամություն էր հայտնում բոլոր խոշտանգվածների հարցերով զբաղվել, խնդրում էր դիմել իրեն, խնդրում եմ՝ հարցրեք քանի՞ հոգի է դիմել պարոն Աշոտյանին։ Ի՞նչ հեքիաթների մասին են հիմա խոսում։ Իրենք մեզ պատկերացնում են իրենց պես մարդակեր ռեժիմ»։
Պատգամավորը երեկ տարածված ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾԽ պետի հեռախոսազրույցի ձայնագրության առնչությամբ վստահություն հայտնեց, որ մոտ ժամանակներս կպարզվի, թե ովքեր են հեղինակները եւ կպատժվեն։