Հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը, կարող է հայտնվել ոստիկանության տեսադաշտում
3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
«Նարեկ Սարգսյանը միջազգային հետախուզման մեջ է գտնվում։ Մենք համագործակցում ենք Ինտերպոլի կենտրոնական բյուրոյի հետ, թույլ տվեք մանրամասներ չհայտնել, բայց այնպիսի տեղեկություններ կասեմ ձեզ, որ կարծես թե մեր տեսադաշտում շուտով կլինի», - հայտարարեց Օսիպյանը։
Նրա խոսքով՝ Նարեկ Սարգսյանը հատել էր Հայաստանի սահմանը՝ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելուց մեկ-երկու օր առաջ։
Նարեկ Սարգսյանը անցնում է մի քանի քրեական գործերով։
Հիշեցնենք՝ Նարեկ Սարգսյանին պատկանող բնակարանում ԱԱԾ-ի կողմից կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել էին առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և զենքեր։ Բացի այդ, Նարեկ Սարգսյանն անցնում է նաև այլ գործով, երբ, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը:
Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել է վերադարձնել նկարները: Փաստի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «առանձնապես խոշոր չափերով խարդախություն»։ Խուզարկության արդյունքում Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում հայտնաբերվել էին Նարեկ Սարգսյանի կողմից հափշտակված նկարները: