Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 9 վիրավորներից 5-ը երեխաներ են
Արարատի մարզում խոշոր ավտոպատահար է տեղի ունեցել: Օգոստոսի 18-ին ժամը 12:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 40-ամյա Արթուր Սարգսյանը իր վարած Nissan մակնիշի 91 ZZ 101 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Վթարի հետևանքով «Արարատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդ Արթուր Սարգսյանը, ուղևորները՝ 63-ամյա Աղավնի Ավդալյանը, 32-ամյա Արևիկ Հայրապետյանը, 30-ամյա Լուսինե Սարգսյանը, իսկ բժշկական հետազոտման նպատակով՝ ավտոմեքենայում գտնվող 5 անչափահաս երեխաներ:
Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում: Հիվանդանոցից աղբյուրին հայտնել են, որ 5 երեխաները հետազոտվել և դուրս են գրվել: Մյուս տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: