Ահազանգ. Ակնալճում ավտոմատներով կրակել են
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում հնչած կրակոցների դեպքի առթիվ:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 16-ին ժամը 23:50-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում ավտոմատներով կրակում են:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Արմավիրի մարզի Ակնալիճ եւ Տարոնիկ գյուղերի ճամփաբաժան հատվածում հայտնաբերվել են 5 հատ 5.45 մմ տրամաչափի կրակված պարկուճ՝ «ՀՀ 97» գրառումներով, 3 հատ գլանված փայտե մահակ, ավտոմեքենայի ապակու կոտրված բեկորներ, արնանման հետքեր, մատանի եւ այլ իրեր:
Նկատի ունենալով, որ նյութերում առերեւույթ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Արմավիրի մարզում կրակոցներ են հնչել. ոստիկանները հայտնաբերել են նաեւ փայտյա մահակներ, ապակու բեկորներ