Երևանի ավագանու ընտրությունների՝ ժամանակացույցը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ կառավարությունն իր նիստում որոշում կայացրեց Երևանի ավագանու լիազորությունները կրճատելու մասին։ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտարարեց, որ ընտրության օրը հայտարարելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի նիստը կայանալու է 30-40 օրվա ընթացքում։ Մենք պարզեցինք, որ օգոստոսի 18-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է անելու և հայտարարելու է, որ սեպտեմբերի 23-ին կկայանան Երևանի ընտրությունները։ Ըստ այդմ՝ կուսակցությունների առաջադրումը կընթանա մինչև օգոստոսի 29-ը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կայանում են կուսակցական ցուցակներով։ Գրանցումը կտևի մինչև սեպտեմբերի 3-ը։ Մասնակիցների գրանցումից մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 10-ին, նոր կսկսվի քարոզարշավը, որը կտևի ընդամենը 11-12 օր, ինչը շատ քիչ է իրական քարոզչություն ծավալելու համար։
Հիշեցնենք, որ քվեարկության նախորդ օրը՝ սեպտեմբերի 22-ին, հայտարարվելու է լռության օր, և քարոզչությունն արգելվելու է։ Այս մարաթոնյան ընտրարշավի ընթացքում 10-ից ավելի կուսակցություն պետք է հասցնեն երևանցիներին ներկայացնել իրենց ծրագրերը, ավագանու անդամների թեկնածուներին և ամենակարևորը՝ քաղաքապետի իրենց թեկնածուին»։
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում: