Ռ. Քոչարյանը պարզաբանել է 4 մլրդ ունեցվածքի մասին լուրերը
Թերթերում տպում էին, ինչ-որ խոսակցություններ կային միլիարդների մասին, բայց տնտեսագիտությունից քիչ, թե շատ հասկացող մարդը կհասկանար, որ 2.5 միլիարդ բյուջե ունեցող երկրում չի կարող 4 միլիարդ ունեցվածք ունեցող մարդ լինել:
Այս մասին «Երկիր մեդիա» ՀԸ եթերում հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա նշել է, որ իր կառավարման ժամանակ ՀՀ-ում արված բոլոր ներդրումները կապվել են իր հետ, սակայն իշխանությունները լավ գիտեին ու գիտեն, որ ինքը «փայ» չի ունեցել այդ ամենի մեջ:
«Գրված է, որ 7 բանկի տեր եմ Հայաստանում: Ես որևէ բանկի հետ կապ չունեմ, եթե իմը լինեին, բոլորը կմիացնեի ու մենաշնորհ դիրք կունենայի այս ոլորտում: Ես դիմում եմ Կենտրոնական բանկի նախագահին՝ հրապարակեք տերերի անունները: Գրված է, որ օդանավակայանը իմն է, ես կապ չունեմ բացարձակապես, համոզել եմ Էռնեկյանին, որ վերցնի մեր օդանավակայանը, խելքի բերի»,-պարզաբանել է նա:
Ռոբերտ Քոչարյանը նաև անդրադարձել է ապօրինի հարստացման հոդվածի հնարավոր կիրառմանը` նշելով, որ դրա փորձը արվում է: «Իրենք երբեք չեն ասելու, որ մենք գիտենք, որ Քոչարյանն, օրինակ, Քաջարանում չկա»,-ասել է նա, ապա հավելել, որ իշխանությունները ստուգումներ անելու հնարավորություն ունեն, նաև տեղյակ է, որ նրանք փորձում են ստուգել ամեն մի օբյեկտ:
«Մեծ, խորը հիասթափություն են ապրում ամեն մի օբյեկտ ստուգելուց հետո, ես կարծում եմ, որ եթե հնարավորություն ունենային առաջինը դա մեյդան կբերեին, ոչ թե «Մարտի 1»-ը: Ի դեպ «Մարտի 1»-ի գործը 10 զոհերի հետ ոչ մի կապ չունի, իբրև Սահմանադրական կարգն եմ տապալել, թե այդ ոնց եմ տապալել, ես էլ չգիտեմ»,-շեշտել է նա: