Ծառայողական մեքենաները՝ սիրուհիների, կնոջ, երեխաների կարիքների համար. Հին Հայաստանից մնացած պաշտոնյաները հավատարիմ են իրենց արատավոր սկզբունքներին
Նոր Հայաստանում էլ նախկին իշխանությունների մաս կազմող պաշտոնյաները շարունակում են առաջնորդվել իրենց հատուկ գործելաոճով՝ պետականը անձնական շահին ծառայեցնելով: Մասնավորապես, ծառայողական մեքենաները, որոնք նախատեսված են բացառապես ծառայողական պարտականությունների կատարման շրջանակում օգտագործման համար, հաճախ օգտագործվում են պաշտոնյաների ընտանիքների անձնական կարիքները բավարարելու նպատակով՝ երեխաներին դպրոց (մանկապարտեզ, բուհ) տանելու, կնոջ հարմարավետ տեղաշարժն ապահովելու կամ այլ նպատակներով, իսկ բացի այն, որ մեքենան պետական սեփականություն է հանդիսանում, նրանց վառելիքի ծախսը ևս պետբյուջեի միջոցներից է հատկացվում:
Նկատենք, որ վարչապետ Փաշինյանի կառավարությունը այս հարցում բավականին զսպվածություն է դրսևորում և կառավարության ներկայացուցիչների կողմից մեքենաների շահագործումը իրականացվում է բացառապես իրենց լիազորությունների կատարման շրջանակով: Ավելին՝ իշխանությունը ստանձնելուց հետո առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ պետական ապարատում կա ծառայողական մեքնաների գերկուտակում, որը բյուջեի ծախսերի վատնում է և իր գրասենյակի համար նախատեսված հինգ ավտոմեքենաներից երեքից հրաժարվեց: Մյուս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն էլ իրենց հատկացված 4 մեքենաներից 2-ից հրաժարվեց:
Ստացվում է, որ նոր իշխանությունները ամեն կերպ փորձում են թեթևացնել ծառայողական մեքենաների համար բյուջեից ծախսվող միջոցների բեռը, իսկ դեռևս իրենց պաշտոններին մնացած նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ շարունակում են հավատարիմ մնալ իրենց սկզբունքներին:
Operativ.am-ը հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունը՝ մասնավորապես մոնիթորինգի ենթարկելու յուրաքանչյուր պաշտոնյայի լիազորությունների շրջանակում ծառայողական մեքենաների շահագործման իրավաչափությունը: Նշենք նաև, որ Operativ.am-ը առաջիկայում խնդրի առնչությամբ փաստարկված ուսումնասիրություն է ներկայացնելու, որտեղ առարկայաբար և մանրամասն ներկայացված կլինի չարաշահումների շրջանակն ու չարդարացված վատնումների չափը: