Տնօրենները դպրոցների խորհուրդները վերածել են բիզնեսի, պետք է այս ամենին վերջ տալ. ԿԳՆ
Այսօր՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է՝ տնօրենները դպրոցների խորհուրդները վերածել են բիզնեսի, պետք է այս ամենին վերջ տալ:
«Որոշ տնօրեններ իրենց խորհուրդների միջոցով դպրոցը վերածել են բիզնեսի, դուքյանի, և նաև ձեր միջոցով այս ամեն ինչին պետք է վերջ տանք: Այս ուղղությամբ մենք քայլեր ձեռնարկում ենք: Առաջինը այն է, որ հենց այսօր քննարկվել է դպրոցներում խորհուրդների և տնօրեններին հավաստագրեր տրամադրելու կարգը»,- ասել նախարարը՝ նշելով, որ խնդիրը լուծելու համար պետք է նաեւ ուսուցիչների եւ ծնողների աջակցությունն ու մասնակցությունը:
«Կառավարությունն ամեն դպրոց չի կարող գալ, բայց տեղերում դուք պետք է օգնեք՝ պայքարելով եւ չվախենալով: Ինձ ասում են՝ դպրոցի տնօրենն եկել եւ ինձ հանել է դասարանից: Ո՞նց կարող եք վախենալ տնօրենից, նա ձեր տեր ու տիրակալը չէ: Ես խնդրում եմ, դուխով վեր կացեք եւ պայքարեք ձեր իրավունքների համար, նոր իշխանությունը ձեզ այդ հարցում կօգնի»,- հավելել է կրթության նախարարը: