Փաշինյանի անդրադարձը Քոչարյանի գործին և Լավրովի հայտարարությանը
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վերջին զարգացումներին:
Լրագրողների այն հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, վարչապետը ասաց.
«Ես կարծում եմ, որ ճիշտ չէ այս թեմայով որևէ մեկնաբանություն անեմ, որովհետև ցանկացած մեկնաբանություն կարող է դիտվել որպես միջամտություն, ազդեցություն գործի վրա: Ես կարծում եմ, որ դուք բոլորդ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի այդ հարցի պատասխանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև լրագրողների այն դիտարկումներին, թե ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանում նոր իշխանությունները շեղվել են խոստումներից:
«Գիտեք, կարծում եմ, որ սա այլ իրավիճակ է, բոլորս պետք է այս իրավիճակին ադապտացվենք, այդ թվում՝ մեր ռուս գործընկերները, այնպես որ ամեն ինչ նորմալ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե արդյոք սպասվող հանրահավաքը կապ ունի՞ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարության հետ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այն կապված է իր աշխատանքային 100-օրվա հետ: