«Քայլ դեպի տուն» ծրագրի բացման միջոցառումը (ուղիղ)
Հայ-ռուսական համալսարանում ընթանում է «Քայլ դեպի տուն» ծրագրի բացման միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում են հայկական սփյուռքի տարբեր օջախների ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ով հայտարարեց, որ ծրագիրն ունի 440 մասնակից։
Հիշեցնենք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունն օգոստոսի 10-24-ն իրականացնելու է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` կրթական և ճանաչողական: Կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ (արևելահայերեն և արևմտահայերեն):
Ծրագրի ճանաչողական մասը նախատեսում է մասնակիցների այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև մի շարք առաջատար ուսումնական, ստեղծարար և տեխնոլոգիական կենտրոններ:
Հանդիպումներ կլինեն պետական պաշտոնյաների և մշակութային գործիչների հետ: Մասնակիցների համար կազմակերպվելու է նաև ճամբարային քառօրյա ծրագիր։