Սանիտեկ ընկերության ղեկավարությունն ինձ խոստացավ, որ մոտակա մեկ-երկու օրվա ընթացքում քաղաքը կբերվի իդեալական վիճակի. Թեհիմնա Վարդանյան
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները ամփոփում են օգոստոսի 2-ին մայրաքաղաքում աղբահանության խնդիրներով զբաղվող «Սանիտեկ» ընկերություն ներկայացրած դիմում-պահանջի արդյունքները և ներկայացնում իրենց առաջարկներն առկա խնդիրները կարգավորելու ուղղությամբ:
Օգոստոսի 10-ին հրավիրված ասուլիսի ընթացքում Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը նշեց, որ մոտ 20 օր առաջ ինքը, տեսնելով մայրաքաղաքում տիրող վիճակը, որոշել է այցելել «Սանիտեկ» ընկերություն և անձամբ խոսել ընկերության տնօրենի հետ՝ պարզելու համար, թե ինչումն է խնդիրը և ինչու է քաղաքն աղբի մեջ կորած:
«Այն ժամանակ ընկերության ղեկավարությունն ինձ խոստացավ, որ մոտակա մեկ-երկու օրվա ընթացքում քաղաքը կբերվի իդեալական վիճակի, քանի որ պատվիրել են 8 նոր աղբատար մեքենա, սակայն արդեն 20 օր է անցել, իսկ խնդրին ամբողջական լուծում չի տրվել: Մենք 7 օր առաջ դիմում-նամակ ենք ուղարկել «Սանիտեկ»-ին, որի պատասխանը հրապարակել է մեր գործընկեր Անի Սամսոնյանը և ամբողջական վերլուծել է: Այս պահին քաղաքում որոշակի տեղեր մաքրվել են, սակայն դա շատ չնչին մաս է կազմում, ընդհանուր առմամբ քաղաքն աղբի մեջ կորած է, խնդրին ամբողջական լուծում չի տրվել»,- ասաց նա: