Վստահ եղեք՝ ՀՀ-ից գողացված միջոցները գետնի տակից էլ լինի, հանելու ենք. վարչապետի օգնական
Կոռուպցիայի դեմ պայքարի գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Ընկերներ, ինչպես արդեն տեղեկացրել եմ, ՀՀ ԱԱԾ-ին տրամադրել եմ փաստաթղթեր, տվյալներ, որի հիման վրա հարուցվել է քր. գործ շուրջ 10 կազմակերպությունների մասով՝ ՀՀ ՊՆ-ին ավելի քան 10 մլրդ դրամի (20.8 մլն դոլար) սպառազինություն, տարատեսակ ապրանքներ պայմանագրի առկայության պայմաններում ժամկետներն էականորեն խախտելով չմատակարարելու, շուկայակնից բարձր գներով և անորակ ապրանքների մատակարարման մասով։
Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրվածությունը՝ նշեմ, որ մամուլի հաղորդագրությունից դուրս որևէ այլ տեղեկատվություն հրապարակել չեմ կարող, քանի որ գործը քննության փուլում է։ ԱԱԾ-ի հետ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ։
Վստահ եղեք՝ ՀՀ-ից գողացված միջոցները գետնի տակից էլ լինի, հանելու ենք։ Դրա համար կա բավարար գիտելիք և կամք։ Միաժամանակ նշեմ, որ ձեր աջակցությունը ոգևորում է, իսկ համագործակցությունը հուսադրում մեր երազանքների Հայաստանը միասին կառուցելու գործում»: