Ո՛չ Տիգրան Ավինյանը, ո՛չ նրա գրասենյակի աշխատակիցները անգամ չեն ակնարկել, որ Գեորգի Մուրադյանի մասին նյութը չհրապարակվի. Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող, Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ ո՛չ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ո՛չ էլ նրա գրասենյակի աշխատակիցները անգամ չեն ակնարկել, որպեսզի Տիգրան Ավինյանի խորհրդական Գեորգի Մուրադյանի մասին լրագրող Տիրայր Մուրադյանի պատրաստած նյութը չհրապարակվի Sut.am կայքում։
«Ինձ որևէ մեկը չի կարող պարտադրել գրաքննություն անել SUT.am-ում: Ես դրա իրավունքն անգամ չունեմ: Եվ որևէ մեկը չի փորձել դա անել՝ ոչ Տիգրան Ավինյանը, ոչ էլ յուր գրասենյակի աշխատակիցները անգամ չեն ակնարկել, որ այս նյութը չհրապարակվի, կամ՝ հրապարակվելուց հետո հեռացվի:
Արդեն վերաբացված նյութում եղել են բազմակողմանիության ապահովման լուրջ խնդիրներ և կազմակերպության ծրագրերի պատշաճ իրականացման իմ պարտականությունների շրջանակներում ես օպերատիվ որոշում եմ կայացրել նյութը ժամանակավորապես փակել և վերաբացել այն նյութերի որակի նկատմամբ մեր պահանջներին համապատասխանեցնելուց հետո:
Նյութը վերահրապարակած բոլոր լրատվամիջոցներին խնդրում ենք դրան ավելացնել լրացումը, որը փաստերի մակարդակով ներկայացնում է աներկբա պնդումները:
Հ.Գ. Այդուհանդերձ, իմ գործողությունների համապատասխանությունը կազմակերպության կարգերին մանրամասն քննարկվելու է երկուշաբթի: Արդյունքների մասին կգրենք»,– գրել է Դանիել Իոաննիսյանը:
Հիշեցնենք‚ որ sut.am կայքում հրապարակված լրագրող Տիրայր Մուրադյանի նյութի շուրջ հետաքրքրական զարգացումներ եղան: Նյութը փոխվարչապետի խորհրդական Գեորգի Մուրադյանի մասին է, որտեղ նշվում է, որ նա տարիներ շարունակ հաշվառված է եղել նարկոդիսպանսերում: Նյութի հրապարակումից քիչ անց այն հեռացվել է Դանիել Իոնիսյանի կողմից, ով հանդիսանում է sut.am կայքի ծրագրերի կոորդինատորը: Մի քանի ժամ անց հրապարակվել է նյութի փոփոխված ու լրացված տարբերակը:
Իսկ լրագրող Տիրայր Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Իմ կարծիքով՝ փոխվարչապետի աշխատակազմում օգտվելով այն հանգամանքից, որ Դանիել Իոննիսյանը Ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարն է, նրա նկատմամբ, ենթադրում եմ, ճնշում, չեմ բացառում նաև՝ շանտաժ և կամ նմանօրինակ այլ գործողություններ են կատարել»: