Ինչու Կամո Արեյանը ներկա չէր կառավարության նիստին
Կառավարության երեկվա նիստին ներկա չէր Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, թեև նախօրեին Հայաստանի առաջին Հանրապետության առաջնորդներից Արամ Մանուկյանի արձանի բացմանը նա ակտիվորեն շփվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյո՞ք այսքանից հետո Արեյանը բոյկոտել է կառավարության նիստերը, թե ոչ: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն այս առթիվ նշեց. «Նոր սահմանադրությամբ եթե քաղաքին վերաբերող հարցեր կան, քաղաքապետը կամ պաշտոնակատարը հրավիրվում են, եթե ոչ` ոչ»:
Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաև վարչապետի խոսնակ Արման Եղոյանի հետ: «Կա կառավարության նիստի մասնակիցների հստակ ցանկ: Իսկ քաղաքապետը կամ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը հրավիրվում են նիստին` ըստ անհրաժեշտության»,-ասաց վարչապետի խոսնակը: Ստացվում է, կառավարության վերջին նիստին Արեյանի անհրաժեշտությունը չի եղել, դրա համար էլ նրան չեն հրավիրել: Ամեն դեպքում, կատարվածը խորհրդանշական էր: