«Սերնդափոխություն միևնույն է պետք է լինի չի կարելի անվերջ հղում անել փորձի վրա» . Արարատ Միրզոյան
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ԱՄՆ կատարած այցի ընթացքում տված հարցազրույցում խոսել է կադրայի փոփոխությունների մասին: Անդրադառնալով վերջին օրերին պետական որոշ պաշտոնյաների հրաժարականներին:
«Մենք շատ բարձր չափանիշ ենք սահմանել առաջին հերթին հենց մեզ համար, և ես, մեր մյուս թիմակիցները, մյուս հեղափոխականները պետք է համապատասխանենք այդ չափանիշներին, իսկ եթե որևէ մեկն այլ պատկերացումներ ունի կամ կյանքը ցույց է տալիս, որ ինչ-որ առումով չեն համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, ապա ես կամ որևէ
մեր ընկեր պետք է պատրաստ լինի հետ կանգնելու և դուրս գալու իշխանությունից, ինչը շատ նորմալ պրակտիկա է: Սա այն նշաձողն է, որը մենք ինքներս ենք սահմանել»,- ասել է Արարատ Միրզոյանը:
Ինչ վերաբերում է կադրային քաղաքականության հարցում կառավարության սխալներին, Միրզոյանն ասաց. «Սերնդափոխություն, միևնույն է, պետք է լինի: Չի կարելի անվերջ հղում անել փորձի վրա: Հայաստանում ամիսներ առաջ կատակ կար՝ պահանջվում է նախագահ՝ նախագահի աշխատանքի փորձով: Այսինքն անպայմանորեն սենդրափոխություն պետք է լինի և բնականաբար պետք է ընտրություններով իշխանություններ փոխվեն:
Ենթադրենք ամեն ինչ լավ էր և պետք է լիներ ընտրություններ: Մի օր քաղաքացիները կորոշեին իրենց ձայնը տալ մի ուժի, որը չի եղել իշխանության և գուցե նաև փոքր թիմ ունի, ինչպես մենք ենք եկել իշխանության: Եվ բնական է, որ չկա այդ փորձը: Ի՞նչ է սա ենթադրում, անվերջ մնալ փորձառու հների ձեռքի՞ն, նրանց իշխանության տիրապետության տա՞կ: Իհարկե, կան մարդիկ, որ փորձ չունեն, իհարկե կան մարդիկ, որոնք արագ փորձ ձեռք կբերեն և իհարկե կլինեն նշանակումներ, որոնք չեն արդարացնի իրենց»:
Առաջին փոխվարչապետը խոստովանեց, որ իրենց դեպքում նույնիսկ ընտրությունը փորձառու և անփորձ առավել լավերի մեջ չէր. «Այստեղ խնդիրը հետևյալն է՝ լինում են շատ փորձառու սրիկաներ, փորձառու կաշառակերներ, կոռուպցիոներներ: Ո՞րն է նախընտրելի՝ անփորձ նորեկը, որ լավ արժեքներ ունի և ամեն ինչ անելու է, կաշվից դուրս է գալու, որ այդ արժեքները կյանքի կոչվե՞ն, գուցե մեկի դեպքում հաջողվի, մյուսի դեպքում՝ ոչ, թե՞ մնալ գերի փորձառու սրիկաների կամ կոռուպցիոներների: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է»: