10 մլն դրամի հափշտակման գործով դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության անգործության համար. ՔԿ
Քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊԲ դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու և իշխանության անգործություն դրսևորելու համար:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Մինչդատական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2012թ. նոյեմբերին 47-ամյա գնդապետը նշանակվել է N դիվիզիայի հրամանատար, որտեղ ֆինանսական ծառայության պետի պաշտոնը 2002 թվականից զբաղեցրել է հարազատ եղբայրը՝ կոչումով մայոր։
Նկատի ունենալով, որ ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրի 115-րդ հոդվածի համաձայն՝ ֆինանսական ծառայության պետը գտնվել է նույն զորամասի (տվյալ դեպքում՝ դիվիզիայի) հրամանատարի անմիջական ենթակայության տակ՝ մայորը ֆինանսական ծառայության պետ է նշանակվել այլ զորամասում՝ այդպիսով դուրս գալով եղբոր անմիջական ենթակայությունից։ Իսկ նրա փոխարեն դիվիզիայում կատարվել է այլ նշանակում։
Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ գնդապետը, հարազատ եղբոր ծառայությունն իր անմիջական ենթակայության ներքո կազմակերպելու համար, անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը։ Այն է՝ եղբոր տեղափոխության հրամանի առկայության պայմաններում, իր ենթակայության տակ գտնվող զորամասերի հրամանատարական կազմին հանձնարարել է, որ եղբայրը շարունակելու է կատարել դիվիզիայի ֆինանսական ծառայության պետի պարտականությունները, ինչի արդյունքում դիվիզիայում ծառայությունն իրականացնելու դիմաց սահմանված ամենամսյա լրավճարները 2013-2016թթ. փոխանցվել են գնդապետի եղբոր հաշվեհամարին: