292 կոկորդիլոս են սպանել Ինդոնեզիայում մի տղամարդու մահվան համար
Ինդոնեզիայի Սորոնգ քաղաքի (Արևմտյան Պապուա նահանգ) բնակիչները 292 կոկորդիլոս են սպանել՝ վրեժխնդիր լինելով կոկորդիլոսի հարձակման հետևանքով տղամարդու մահվան համար, այս մասին գորւմ է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը: Կոկորդիլոսի կողմից հոշոտված տղամարդու թաղումից հետո տեղի բնակիչները գնացել են կոկորդիլոսների ֆերմա, որտեղ դանակով մորթել են գրեթե 300 կենդանու: Արևմտյան Պապուայի բնական ռեսուրսների պահպանության վարչությունը դատապարտել է տեղի ունեցածը:
«Կոկորդիլոսների սպանությունը խախտել է ուրիշի սեփականության ոչնչացման մասին օրենքը»,- ասել է վարչության ղեկավարը, որի խոսքերը մեջբերում է պարբերականը:
Կոկորդիլոսների ֆերման պատկանում է Սորոնգ քաղաքի բնակիչներից մեկին: Ինչպես նշել է բնական ռեսուրսների պահպանության վարչության ղեկավարը, ֆերման գոյություն ունի օրինական հիմքերով, քանի որ սեփականատերը պաշտոնական թույլտվություն է ստացել շրջակա միջավայրի և տնտեսության նախարարության կողմից: