Կամրջի տակ հայտնաբերված գյումրեցի տղամարդը մահացել է
Գիշերը «Գյումրի» ԲԿ-ում մահացել է հունիսի 12-ի կեսօրին Գյումրու 50-ամյակի կամրջի տակ հայտնաբերված քաղաքացին: Ըստ կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, արվել է հնարավոր ամեն ինչ տուժածի կյանքը փրկելու համար:
57-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը, սակայն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ՝ ուղեղի աջ կիսագնդի տրոմբոէմբոլիկ ինսուլտ, կողերի կոտրվածք, երկկողմանի պնեւմոթորաքս, աորտայի շերտազատվող անեւրիզմա: Տուժածը մահացել է առանց գիտակցության գալու:
Հիշեցնենք, որ դեպքի մասին ահազանգը հունիսի 12-ին 9-11 ծառայությունը ստացել էր ժամը 12:30-ին՝ շտապբուժօգնության ծառայությունից: Ըստ ծառայության տեղեկատվության, նշված վայրում հայտնաբերվել է 1961 թվականին ծնված Հովհաննես Ռազմիկի Հովհաննիսյանը: Տուժածը շտապբուժօգնության մեքենայով տեղափոխվել էր «Գյումրի» բժշկական կենտրոն:
Կան խոսակցություններ, որ տղամարդն ընկել է կամրջից: Պաշտոնական որեւէ հավաստում այս պահին դեպքի հետ կապված դեռ չկա: